Պայքարի խորհրդանիշ դարձած կնոջը նեղացրած թուրք ոստիկանին դատապարտել են... ծառեր տնկելու
Թուրքիայում հակակառավարական պայքարի խորհրդանիշ դարձած «կարմիր շորով տիկնոջը» նեղացրած ոստիկանին հետաքրքիր պատիժ է սահմանվել:
Ամերիկյան Business Insider-ը հայտնում է, որ թուրքական դատարանը ուժ կիրառած ոստիկանին դատապարտել է 600 ծառ տնկելու: Նա իր տնկած ծառերի վիճակի համար կես տարվա պատասխանատվություն է կրելու: Դրանից բացի ոստիկանին, Ստամբուլի դատարանի որոշմամբ, սպառնում է 20 ամսվա բանտարկություն, եթե հաջորդ 5 տարիներին կրկնի իր զանցանքը:
Երկու տարի առաջ Գեզի զբոսայգու շուրջ բախումների ժամանակ Ֆաթիհ Զենգին անունով ոստիկանը դաժանորեն արցունքաբեր գազ էր պահել երիտասարդ կնոջ դեմքին, որը սակայն տեղից չէր շարժվել ու չէր «ընկրկել»: Այդ տեսարանը պատկերող լուսանկարը պայքարի իսկական խորհրդանիշ էր դարձել, տարածվել սոցցանցերով ու անգամ հուշանվերների վրա հայտնվել:
Աղբյուրը նկատում է, որ թուրք ոստիկանի համար սահմանված պատիժը հեգնալի կողմ ունի, քանի որ ժամանակին ամեն ինչ սկսվել էր հենց ծառերի ու զբոսայգու համար պայքարից:











