Rammstein խմբի մենակատարն իր անհատական ալբոմն է ձայնագրել
Գերմանական Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը հուլիսի 19-ին կներկայացնի իր Skills In Pills առաջին անհատական ալբոմը, հայտնում է Deutsche Welle-ն։
Պաշտոնապես ալբոմի հեղինակները 2-ն են. Լինդեմանի գործընկերն է երաժիշտ Փիթեր Թեգթգրենը։
Rammstein-ի բազմաթիվ երկրպագուների բլոգները վերապատմում և վերլուծում են այն պատմությունը, թե ինչպես են ծանոթացել Փիթերը և Թիլը։
Ըստ լուրերի՝ Mutter ալբոմի աշխատանքների ժամանակ Լինդեմանը և խմբի ստեղնահար Քրիստիան Լորենցը, հոգնելով ստուդիայում անցկացրած օրերից, գնում են մաքուր օդ շնչելու Ստոկհոլմի արվարձաններում։ Տեղի գարեջրատներից մեկում վեճ է սկսվում, որին խառնվում է Փիթերը և հանդարտեցնում բոլորին։ Այդպես էլ սկսվում է ամուր ընկերությունը, որը 13 տարի անց վերածվում է ստեղծագործական համագործակցության։










