«Ջազզվե» բացօթյա սրճարանում Արամ MP3-ի համերգը անցավ թեժ մթնոլորտում (լուսանկարներ)

15:43 • 12.06.15

Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ջազզվե» սրճարանային ցանցի բացօթյա սրահում երեկ կայացավ Արամ MP3-ի համերգը, որին ներկա էին ինչպես շոուբիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, այնպես էլ սրճարանի մշտական հաճախորդներ։


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ջազզվե» սրճարանային ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը, իրենք պահում են հաճախորդներին տված խոստումը և ողջ ամռան ընթացքում կազմակերպելու են տարբեր համերգներ՝ ամիսը առնվազն 4 անգամ:


«Այս անգամ Արամ MP3-ին ենք հրավիրել, այսօր երկրորդ համերգային օրն է: Առաջին օրը ևս բազմամարդ էր, ինչպես այսօր: Մուտքը հիմնականում հրավիրատոմսերով է, բայց եղել են նաև տոմսեր: Տոմսի գումարը սիմվոլիկ է՝ 3000 դրամ, որպեսզի մատչելի լինի մեր հաճախորդների համար»,-ասաց նա:


Սիլվա Ղամբարյանը խոստացավ, որ ողջ ամռան ընթացքում որակյալ երաժշտություն է հնչելու սրճարանում` բարձրակարգ երաժիշտների նվագակցությամբ:


Tert.am-ը համերգի ընդմիջմանը զրուցեց նաև Արամ MP3-ի հետ: Խոսելով հանդիսատեսի մասին՝ երգիչը նշեց, որ վստահ է՝ համերգի երկրորդ մասում ավելի աշխույժ կանցնի:


«Երկրորդ մասը, որ սկսվի, էներգիան ավելի շատ կգա հանդիսատեսից: Ընդհանրապես քաղաքում բացօթյա տեղերում մարդիկ, սովորաբար, ավելի դժվար են տաքանում, որովհետև անցուդարձը մեծ է, կողմնակի աղմուկը շատ»,-ասաց նա:


Հարցին, թե Հայաստանի հայ հանդիսատե՞սն է ավելի ջերմ ու ակտիվ, թե արտերկրում բնակվող, նա պատասխանեց, տեղի հանդիսատեսը հաճախ է առիթ ունենում իր համերգներին ներկա լինելու, իսկ դրսում երկար են սպասում, հենց այստեղից է հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցները ավելի ջերմ են դիմավորում:


«Տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են արձագանքում երաժշտությանը, մեզ մոտ մի քիչ դանդաղ է ընթանում, բայց որ ակտիվանում են, այլևս կանգնեցնել չի լինում: Այսօրվա հանդիսատեսին նորմալ եմ գնահատում, դեռ 1.5 ժամ կա, կարծում եմ, որ
դեռ կակտիվանան»,
-ասաց նա:


Արամ MP3-ին պատասխանեց նաև այն հարցին, թե երբ տեղի կունենա նրա համերգը արդեն մեծ դահլիճում:


«Համերգ կլինի, ուղղակի հիմա սպասում եմ, որովհետև համերգի հետ կապված աշխատանք կա դեռ անելու թե՛ Երևանում, թե՛ դրսում: Հիմա երգացանկս եմ հարստացնում, տեսահոլովակ դեռ չեմ նկարել, որովհետև զբաղված եմ մեկ այլ աշխատանքով, որի մասին կիմանաք մի քիչ ավելի ուշ»,-ասաց նա:


Նշենք, որ ողջ երեկոյի ընթացքում երգիչը կատարեց հիմնականում արտասահմանյան ամենահայտնի ու սիրված երգերը:

 

«Ջազզվե» բացօթյա սրճարանում Արամ MP3-ի համերգը անցավ թեժ մթնոլորտում (լուսանկարներ)