Երևանում կանցկացվի «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը

15:47 • 12.06.15

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամյա ծրագրում այս տարին ընդգրկվել է նաև «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը, որն անցկացվելու է հունիսի 13-ին, ժամը 16:00-ից 18:00-ն՝  Երևանի Թումանյանի անվան այգում:


Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանն ասաց, որ Քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ»-ը կազմակերպվում է արդեն երրորդ տարին, որի շրջանակներում տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:
 

«Այս տարի շուրջ 42 միջոցառում է ներառված, որի մեջ է նաև «Հացը լեռներում» փառատոնը»,-ասաց Կամո Մովսեսյանը:


«Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ «Հացը լեռներում» փառատոնը յոթերորդ անգամն է կազմակերպվում:


«Սա մեզ համար կարևոր միջոցառումներից մեկն է, որովհետև բովանդակության մեջ ներառում է սննդի համակարգը: Այն կոչվում է տոնածիսական կերակուրների ցուցահանդես-փառատոն: Մեր առաջնային խնդիրն է տարածել այն կերակուրները, որ մեզ ժառանգվել է մեր մեծերի կողմից»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:


Նա նշեց, որ կազմակերպվածության առումով այս անգամ միջոցառումը տարբերվելու է, քանի որ մի բան է, երբ հասարակական կազմակերպությունն է կազմակերպում, այլ բան, երբ դրան աջակցում է քաղաքապետարանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ասաց, թե քաղաքապետարանը բոլոր այն նախաձեռնությունների կողքին է, որոնք միտված են զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը:


««Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագիրը տարբերվում է նրանով, որ իր մեջ ընդգրկում է տարբեր փառատոներ: Մեր նպատակն է բոսաշրջային մայրաքաղաք դիտարկել Երևանը»,-ասաց Մարիա Բարաղամյանը:


Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրերով:

Երևանում կանցկացվի «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը