Վուդի Ալենը և Ջորջ Լուկասը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
Ռեժիսորներ Վուդի Ալենը և Ջորջ Լուկասը ժամանել են Մոսկվա, սպասվում է, որ նրանք կմասնակցեն օլիգարխ Ռոման Աբրամովիչի և Դարյա Ժուկովայի կազմակերպած ընթրիքին։
Միջոցառումը նվիրված է «Гараж» պատկերասրահի նոր շինության բացմանը, գրում է РИА Новости-ն։
Աղբյուրները նշում են, որ ռեժիսորները ժամանել են մասնակցելու Գորկու անվան զբոսայգում ժամանակակից արվեստի թանգարանի նոր շենքի բացման տոնակատարություններին։
«Վուդի Ալենը և Ջորջ Լուկասը ժամանել են Մոսկվա՝ «Гараж» պատկերասրահի նոր մասնաճյուղի բացմանը նվիրված տոնակատարությանը։ Նրանք կլինեն ընթրիքի հյուրերը, որը կազմակերպում են Ռոման Աբրամովիչը և Դարյա Ժուկովան»,- նշել է անանուն աղբյուրը՝ հայտնելով, որ հրավիրված է 200 մարդ։
Ըստ լուրերի՝ ընթրիքին ներկա կլինեն նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Սալմա Հայեքը, դիզայներ Միուչա Պրադան։










