Ավարտվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

11:37 • 05.07.15

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին  պատվիրակության անդամների հետ  այցելել է  Փարիզի Երևանյան պուրակ, ծաղկեպսակ է դրել  Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

 

Այնուհետև վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի Հայ Առաքելական եկեղեցի և Ֆրանսիայում և  Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:


Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Առաջնորդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին,  արտաքին քաղաքականությանը, տնտեսական քաղաքականությանը,  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ կարևորել է   հայապահպանության, հայոց  ուսուցման  հարցերը:


Վարչապետն ընդգծել է, որ մատաղ սերնդին հայերեն ուսուցանելու համար պատրաստ է ցանկացած աջակցության: Նա  իր խոսքում առանձնացրել է հատկապես այն հանգամանքը, որ զարգացնելով հայերենի իմացությունը, այն նախ և առաջ կօգնի նոր սերնդին մնալ հայ՝ օտար ափերում պահպանելով հայի ինքնությունը:  Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր է պահում հայ ժողովրդի հեղինակությունը  և մեծ ներդրում ունի Ֆրանսիայի զարգացման գործում: 


 

 

Ավարտվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա