ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն Ադրբեջանը

21:15 • 08.10.26

ՈւԵՖԱ-ի անդամ 55 ազգային ասոցիացիաներից 54-ը պաշտոնապես հայտարարել են ՖԻՖԱ-ի գործող ղեկավարության նկատմամբ վստահության կորստի մասին և կոչ են արել արմատական բարեփոխումներ իրականացնել կազմակերպությունում: Միակ ասոցիացիան, որը չի միացել այս նախաձեռնությանը, Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան է:

Նման հայտարարություն ՈւԵՖԱ-ն տարածել է Բեռլինում կայացած համաժողովի արդյունքներով.

«Վերջին ամիսներին հիմնարար փոփոխություններ պահանջելուց հետո ՈւԵՖԱ-ն և բոլոր ազգային ասոցիացիաները՝ բացառությամբ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի, համաձայնեցրել են ՖԻՖԱ-ի բարեփոխումների հստակ ուղղությունը:

Ազգային ասոցիացիաները վերահաստատել են, որ կորցրել են վստահությունը ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ: Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի: ՖԻՖԱ-ին անհրաժեշտ է նաև նոր ղեկավար՝ հարգված և բոլորին միավորող առաջնորդ, որն ունի խորը արմատներ ֆուտբոլում, առաջնորդելու տեսլական ու փորձ, տարբեր տարածաշրջաններում վստահություն ներշնչելու ունակություն և անվերապահ նվիրվածություն զարգացմանը, բարեփոխումներին, ազնվությանն ու անկախությանը:

Բարեփոխումների և ՖԻՖԱ-ի ապագա ղեկավարության շուրջ քննարկումները կշարունակվեն ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների և համաշխարհային ֆուտբոլի նրանց գործընկերների միջև»:

Հայտարարությանը կից փաստաթղթում եվրոպական ֆուտբոլային կառույցը ներկայացրել է նաև կոնկրետ պահանջներ ՖԻՖԱ-ին.

  • Լիազորությունների հստակ տարանջատում,
  • ՖԻՖԱ-ի Խորհրդի դերի ուժեղացում,
  • Կոմիտեների կազմի ու գործունեության օպտիմալացում՝ հստակ նպատակներ և իրական արժեք ունենալու համար,
  • Ղեկավարի մոտեցման փոփոխություն՝ նախագահ, որը «առաջնորդում է, ոչ թե իշխում»,
  • Հանդիպումների միջազգային օրացույցի վերաբերյալ միակողմանի որոշումների կայացման դադարեցում,
  • ՖԻՖԱ-ի ռեսուրսներն անձնական կամ նախընտրական նպատակներով օգտագործելու խիստ արգելք:
Աղբյուրը`ArmSport.am