Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաները թունավորվել են երշիկից. նրանց թիվը հասել է 28-ի

14:27 • 10.09.15

Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցից սննդային թունավորմամբ Արտաշատի ԲԿ տեղափոխված երեխաների թիվը հասել է արդեն 28-ի, որոնց վիճակը բավարար է. այս մասին Tert.am-ին ասաց բժշկական կենտրոնի բուժքույր Հերմինե Դավթյանը:

 

Ըստ նրա՝ երեխաներին կաթիլային ներարկում են միացրել:

 

«Երեխաներ կան, արդեն տուն են գնացել, կարծում եմ՝ կաթիլային ներարկումից հետո մեծամասնությունը տուն կգնա»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ոչ մեկի մոտ բարդացումներ չեն լինի:

 

Հերմինե Դավթյանը նշեց, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորմամբ. նրանց մոտ սրտխառնոց է եղել, դող և հևոց: «Բոլոր նույն դպրոցից են, կերել են հաց, երշիկ և կարտոֆիլ: Երեխաներից բոլորն էլ նշում են, որ երշիկը քաղցր համ է ունեցել»,-ասաց նա:

 

Բուժքույրը նաև նշեց, որ թունավորված աշակերտները երեք գյուղերից են՝ Բերքանուշ, Դալար և Բաղրամյան: