ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, թե A321-ի որ հատվածում է տեղադրված եղել պայթուցիկ սարքը
ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, թե Սինայի թերակղզում կործանված A321 ինքնաթիռի որ հատվածում է տեղադրված եղել պայթուցիկ սարքը։
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, աղբյուրների համաձայն՝ սարքը, որը հավանաբար ինքնաթիռում տեղադրել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, տեղադրված է եղել ինքնաթիռի պոչային հատվածում: Հենց այդ պատճառով էլ պայթյունից հետո պոկվել է ինքնաթիռի պոչամասը։
Այդ եզրակացությանը հատուկ ծառայությունները հանգել են A321-ի տակ հայտնաբերված բացվածքի պատճառով, որի առաջացումը չէր կարող բացատրվել սովորական պատճառներով:
Պարզվել է, որ դրա մոտ էլ տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։
Ռուսաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ռուսական ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին կգտնեն մոլորակի ցանկացած կետում և կպատժեն: Նա հավելել, որ նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, ով բոլոր հետևանքները կընկնեն նրանց ուսերին։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։










