Տոկիոն կվճարի Սեուլին սեռական բռնության ենթարկված կանանց համար
Տոկիոն և Սեուլը կարգավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սեռական ստրկության վերաբերյալ պատմական վեճը։ Այդ մասին հայտարարել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտգործնախարարները Սեուլում հանդիպման ժամանակ, գրում է lenta.ru-ն:
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդայի խոսքով՝ Տոկիոն ընդունում է իր «պատասխանատվությունը» «սփոփանքի համար կանանց խնդրի» հարցում, իսկ երկրի վարչապետ Սինձո Աբեն «տուժածներին իր անկեղծ ներողությունն է հայտնում»։
Տոկիոն նաև 1 միլիարդ յեն կտրամադրի (8,3 միլիոն դոլար) Հարավային Կորեայում սեռական ստրկության զոհերի օգնության հիմնադրամի ստեղծման համար: Սեուլում, իրենց հերթին, կարող են ի պատասխան հանել «սփոփանքի համար կանանց» պատվին քանդակը, որը 2011 թվականին կանգնեցրել են հարավկորեացի ակտիվիստները Սեուլում Ճապոնիայի դեսպանատան մոտ:
«Սփոփանքի համար կանայք» անվանում են Արևելյան և Հարավ-արևելյան Ասիայի երկրների բնակչուհիներին, որոնք ստիպված են եղել աշխատել ռազմական «հասարակաց տներում» Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ճապոնացի զինվորների սեռական պահանջները բավարարելու համար: Տոկիոն պնդում էր, որ դա կանանց անձնական ընտրությունն է եղել: Այլ երկրների պատմաբանները պնդում են, որ աղջիկներին առևանգում էին և ստիպում էին աշխատել։










