Տարվա երեք կարևոր իրադարձություններն՝ ըստ Հովիկ Աբրահամյանի
Այսօր ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով անցնող տարին, առանձնացրեց երեք կարևորագույն իրադարձություն:
«Առաջինը` տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, սակայն ռեսուրսների և ջանքերի կենտրոնացմամբ, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններն և ապահովել տնտեսական աճ»,-ասաց նա:
Վարչապետը նշեց,որ 2015 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 3 տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցները և փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում՝ բացասական տնտեսական աճի ցուցանիշներ:
«Աճ կա արդյունաբերությունում` 4,6 տոկոս, գյուղատնտեսությունում` 11,6 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ առանց առևտրի երեք տոկոս: Գնաճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կազմել է 1,9 տոկոս, միջին գնաճը՝ 4,1տոկոս, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5 տոկոսով: Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, տրանսֆերտների շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարով անկման պարագայում»,-տեղեկացրեց Հովիկ Աբրահամյանը:
Երկրորդ կարևորագույն նվաճումը վարչապետը համարեց Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ նրա, անկասկած հիմք է հանդիսանալու հայրենիքի բարեկեցության և կայուն զարգացման համար: «Երրորդ կարևորագույն նվաճումը մեր երկրի՝ խորացող և հավասարակշռված տնտեսական ինտեգրումն է»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ 2015 թվականին ՀՀ ԵՏՄ կազմում է: «Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և ավելի լայն աշխարհագրություն: Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել են շուրջ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի երկու տոկոսանոց անկում, մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են, որ միանալով ԵՏՄ-ին, ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը»,-ասաց նա:
Վարչապետը կարևորեց, որ ՀՀ-ն սկսեց լայնածավալ բանակցություններ ԵՄ-ի հետ, որի ժամանակ քննարկվել են ոչ միայն քաղաքական, այլ նաև բազմաթիվ տնտեսական հարցեր: «Վստահ եմ, որ մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ: Որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու հայտարարում եմ, որ կառավարությունը գործադրում է իր բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանության մեծացման և ժողովրդի բարեկեցության համար, և դա անելու ենք բոլորս միասին համատեղ ուժերով»,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:










