Իտալիայի ավելի քան 850 քաղաքներում սահմանափակել են ճայթուկների օգտագործումն Ամանորին

16:24 • 29.12.15

Ավելի քան 850 իտալական քաղաքներում՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր, արգելք է սահմանվել կամ սահմանափակվել է ճայթուկների և հրավառությունների օգտագործումն Ամանորի տոնակատարությունների ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։

 

Բոլոնիայի, Պեսկարայի, Սիենայի, Պալերմոյի, Բարիի և մի շարք այլ քաղաքների իշխանություններն ամբողջությամբ արգելել են հրավառություններն Ամանորի գիշերը։

 

Օրենքը խախտողներին սպառնում է 20-ից մինչև 500 եվրո տուգանք։ Վերոնայում չի թույլատրվում հրավառություն իրականացնել հիվանդանոցներից, հանրային վայրերից, դպրոցներից 200 մետրից պակաս հեռավորության վրա, ինչպես նաև մոտակայքում կենդանիների ներկայությամբ։

 

Սպասվում է, որ ճայթուկների և հրավառությունների արգելքը կսահմանվի նաև Միլանում, որտեղ նման որոշումը կապված է նախևառաջ սմոգի դեմ պայքարով, որը վերջին ամսվա ընթացքում պատել է քաղաքն անձրևների բացակայության պատճառով։

 

Իտալական քաղաքների իշխանությունների նման որոշումը պաշտպանել են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք հանդես են եկել ճայթուկներն ու հրավառություններն արգելելու կոչերով, քանի որ բազմաթիվ պայթյուններն Ամանորի գիշերն «իսկական տանջանք» են կենդանիների համար։

Իտալիայի ավելի քան 850 քաղաքներում սահմանափակել են ճայթուկների օգտագործումն Ամանորին