Իսրայելում ձերբակալել են պաղեստինցի երեխայի մահը տոնած հրեաներին

12:59 • 30.12.15

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 4 հրեայի, ովքեր կասկածվում են հուլիսի 31-ին տեղի ունեցած ռմբակոծման հետևանքով զոհված փոքրիկ պաղեստինցի երեխայի մահը հրապարակայնորեն տոնելու համար։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, անցած շաբաթ հրեական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվել էր մի տեսանյութ, որում մի խումբ մարդիկ ուրախությամբ նշում էին պաղեստինցի 18 ամսական փոքրիկի մահը։  Դրանից հետո Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի շրջանակում ձերբակալվել է 4 մարդ։ Նշվում է, որ նրանք վաղը կանգնելու են Երուսաղեմի դատարանի առաջ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է հարսանեկան արարողության ժամանակ, երբ հյուրերից շատերը, զենքերը ձեռքին, ուրախությամբ խոսել են «թշնամու երեխայի» մահվան ու նրա ծնողների վնասվածքներ ստանալու մասին:

 

Այս միջադեպին արձագանքել է նաև Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ով տեսանյութը բնութագրել է «շոկային»` հավելելով, որ «այսպիսի մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում Իսրայելի անվտանգությանը»:
 

Իսրայելում ձերբակալել են պաղեստինցի երեխայի մահը տոնած հրեաներին