Եղեք աղավնիների նման բարի, բայց օձերի նման խորագետ. Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
Մարդկանց մեջ ամենից շատ հավատ պետք է լինի, որովհետև մարդկանց մեջ հավատը ձևավորում է բարոյական կերպար, սիրո գաղափար՝ Քրիստոսի մեծագույն պատվիրանը՝ սիրեցեք զմիմեանս, իսկ սիրուց բխում է նաև ներողամտությունը, խոնարհ հոգին, ազնվությունը, հեզությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը:
«Այս բոլորը կարող է իրականանալ այն պարագայում, երբ մենք մեր մեջ Քրիստոնեական հավատքը վերածենք բովանդակության և իմաստավորված արժևորենք և կարողանանք մարդկային փոխհարաբերությունը ձևավորել այնպես, ինչպես ավետարանն է պահանջում»,-ասաց նա:
Անդրադառնալով Նոր տարվա պատրաստությանը՝ նա նշեց. «Այսօր ուրախության վրա շեշտ չի դրվում, ավելի շատ ցուցադրության վրա է դրվում: Օրինակ՝ մարդ գնում է ռեստորան ոչ թե հաճույք ստանալու, հանգստանալու, այլ պարզապես ցուցադրելու համար»,-ասաց նա և նկատեց, որ մարդիկ ավելի շատ նյութականն են կարևորում:
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը 2016 թվականի համար աշխարհին խաղաղություն ցանկացավ:
«Ամենակարևրը պատերազմ չլինելն է, երկրորդը՝ կցանկանամ իմաստություն և խոհեմություն, այն, ինչ Քրիստոսը սովորեցնում էր, երբ ասում էր՝ եղեք աղավնիների նման բարի, բայց օձերի նման խորագետ։ Մեզ խորագիտություն է հարկավոր, բայց ոչ խորամանկություն»,-ասաց նա:










