Դերասան Ջուդ Լոուն այցելել է Ֆրանսիայում փախստականների ճամբար (տեսանյութ)
Բրիտանացի հայտնի դերասան Ջուդ Լոուն այցելել է ֆրանսիական Կալե քաղաքում հիմնված փախստականների ճամբարը, որը շատ հաճախ անվանում են «Ջունգլիներ»։
Ինչպես նշում է The Guardian-ը, Լոուն պատմել է, որ իր այցով ցանկացել է միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել փախստականների հրատապ խնդրի վրա:
Հայտնի է, որ դերասանը մի շարք լրագրողների ուղեկցությամբ շրջել է 6.000-ից ավելի փախստականների ապաստանած ճամբարի տարածքով` ցանկանալով սեփական աչքով տեսնել, թե ինչ պայմաններում են այնտեղ ապրում հիմնականում Մերձավոր Արևելքից եկած մարդիկ:
Բացի այդ, Լոուն դիմել է Ֆրանսիայի իշխանություններին` կոչ անելով չքանդել ճամբարի մի մասն ու փախստականներին հուսալքության չմատնել:
Հիշեցնենք, որ վերջերս բրիտանական հանրահայտ «Գլոբուս» թատրոնի խումբն այս ճամբարում ապրող փախստականների համար բեմադրել էր Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսը։










