Բիլ և Հիլարի Քլինթոնների դուստր Չելսին անդրադարձել է «Ավրորա» մրցանակին

13:00 • 18.03.16

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և այժմ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դուստրը` Չելսի Քլինթոնը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ավրորա» մրցանակին, որը շնորհվելու է նրանց, ովքեր, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։

 

Չելսի Քլինթոնը, մասնավորապես, անդրադարձել է համաշխարհային մրցանակի հավակնորդներից մեկին` Պակիստանի բնակչուհի Սայիդա Ղուլամ Ֆաթիմային: Վերջինս իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։

 

«Անչափ ուրախ եմ տեղեկանալ, որ 2015 Clinton Global Citizen Award-ի մրցանակակիր Սայիդա Ղուլամ Ֆաթիման այժմ «Ավրորա» մրցանակի դափնեկրի հավակնորդներից է»,-գրել է Քլինթոնը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21.000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության և հաճախ նաև դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

 

Հավելենք, որ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը մրցանակի դափնեկրի հավակնորդների ցանկում ներառել է նաև Մարգարիտ Բարանկիցեին՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինային՝ Սուդանից, և Հայր Բեռնար Կինվիին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

 

«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: