Հիանալի հարթակ՝ գիտելիքները փորձելու, նոր բաներ սովորելու համար. «Ամենախելացին» նախագծի 3-րդ եթերաշրջանի առաջին խաղի հաղթող
Այսօր 18:20-ին կայացավ «Ամենախելացի» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանի առաջին խաղը, որի հաղթողը դարձավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի, ապագա ինժեներ-տնտեսագետ Երանուհի Խաչատրյանը:
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չէր պատկերացնի թե կհաղթեր, քանի որ պարզապես հայտը լրացնում էր ՝ փորձելու համար ուժերը: «Պարզվեց սա հիանալի հարթակ է մեր գիտելիքները փորձելու, նոր բաներ սովորելու համար: Շատ հուզումնալից, շատ հետաքրքիր խաղ էր, շատ ուրախ եմ հաղթանակիս համար»,- ասաց նա:
Երանուհի Խաչատրյանը նշեց, որ կային թեմաներ, որոնք հեշտ էին, բայց կային թեմաներ, որոնք խորը գիտելիքներ էին պահանջում: «Լարվածությունը առաջին փուլում էր, իսկ դրանից հետ լարվածությունը մի քիչ անցնում է և սկսում ես կենտրոնանալ քո թեմաների, առաջադրված հարցերի վրա»,- ասաց նա և նշեց, որ երկրորդ փուլում ընտրած «Հայաստան» թեման անկանխատեսելի էր և թեև քիչ միավորներ հավաքեց, սակայն անցավ երրորդ փուլ և ստացվեց այնպես, որ հաղթեց:
Հաղթող մասնակիցն ասաց, որ նախագծից ստացած մեդալը պարտավորեցնում է և քառորդ եզրափակչում կփորձի ամեն ինչ անել եզրափակիչ հասնելու համար: «Բոլոր 96 մասնակիցներն էլ, ովքեր անցել են այս եթերային փուլը, արժանի մրցակիցներ են, բոլորն էլ խելացի են, գիտակ և հաստատ արժանի են «Ամենախելացիի» կոչմանը»,- ասաց նա:











