Բացվել է «Կինը որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագրով ցուցահանդեսը (լուսանկարներ)
ԼաԳալլարիա Լյուքսային հագուստի խանութ-սրահները Անտիկյան Գալլերի ցուցասրահի հետ համատեղ հանրությանը ներկայացրին «Կինը որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացված էին հայազգի ժամանակակից արվեստագետների աշխատանքները:
Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Արշակ Սարգսյանի, Արարատ Սարգսյանի, Արա Ալեքյանի, Մարինա Դիլանյանի, Բրունո Բրունիի և Արմինե Անտիկյանի ստեղծագործությունները մինչև ապրիլի 7-ը ներկայացված կլինեն խանութ-սրահներում:
Անտիկյան Գալլերի ցուցասրահի հիմնադիր տնօրեն Արմինե Անտիկյանի խոսքով՝ ԼաԳալլարիա Լյուքսային հագուստի խանութի նախաձեռնությամբ արդեն որերորդ անգամ ժամանակակից հայ արվեստ է ներկայացվում այս խանութ-սրահներում:
«Կարծում եմ, որ հետաքրքիր նախաձեռնություն է, ոչ ստանդարտ, հետևաբար, ողջունվեց շատ արվեստագետների կողմից»,-ասաց Արմինե Անտիկյանը՝ նշելով, թե այս անգամ արվեստագետներին համախմբել է կանանց միամսյակը:
«Որոշեցինք համատեղ ներկայացնել կնոջը, որպես հավերժական ոգեշնչման աղբյուր և՛ նորաձևության համար, և՛ արվեստի: Սա հերթական առիթն է մեծարելու կնոջը: Այս անգամ փորձել ենք ընտրել հենց այն հեղինակներին, ովքեր աշխատում են կնոջ կերպարի հետ, իրենք առանձնահատուկ կերպով ներկայացնում են կինը, սեր ու գարուն»,- ասաց Արմինե Անտիկյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որ նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը, ասաց, թե այն շատ լավ նախաձեռնություն է և ինքը շատ լավ տպավորություններ ունի:
«Կանանց միամսյակի, գարնան տրամադրությունների մեջ շատ գեղեցիկ տեղավորվում է այս ցուցահանդեսը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով. «Կարծում եմ, որ մեր քաղաքի հաստատություններում նման նախաձեռնությունները շատ լինեն: Մեծ բավականություն ստացա կտավներից, շատ բարձրաճշակ գործեր էին»:















