Փոլ Մաքքարթնին փորձում է վերադարձնել The Beatles-ի երգերի իրավունքները
Երաժիշտ, երգահան Փոլ Մաքքարթնին փորձում է վերադարձնել ԱՄՆ-ում The Beatles խմբի երգերի հրատարակչական իրավունքների իր մասը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լիվերպուլյան լեգենդար քառյակի երգերի իրավունքները 1967 թվականին ձեռք է բերել բրիտանական ATV ընկերությունը։
Իրավունքները գնման համար կրկին հասանելի են դարձել 1984 թվականին, բայց այդ ժամանակ Մաքքարթնին հրաժարվել է դրանք գնել՝ հիմնականում բարձր գնի պատճառով:
Վերջ ի վերջո դրանք գնել է երգիչ Մայքլ Ջեքսոնը՝ մոտ 50 միլիոն դոլարով: Այդ գնումը համարվում է ժամանակակից երաժշտության մեջ ամենաեկամտաբեր ներդրումներից մեկը:
Այնուամենայնիվ, ամերիկյան օրենսդրության համաձայն, երաժիշտը կարող է դիմել հեղինակային իրավունքների համար երգերի առաջին հրապարակումից 56 տարի անց:
Այդկերպ Փոլ Մաքքարթնին կկարողանա հավակնել իր կողմից գրված The Beatles-ի որոշ երգերի իրավունքներին 2018 թվականին։
Billboard ամսագրի համաձայն՝ Մաքքարթնին արդեն դիմում է ուղարկել, որ ցանկանում է ձեռք բերել The Beatles-ի 32 երգերի իրավունքները:










