Ժաննա դ'Արկի մատանին վեճի առարկա է դարձել Փարիզի ու Լոնդոնի միջև
Ժաննա դ'Արկին պատկանած մատանին կռվախնձոր է դարձել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև. երկրներից ամեն մեկն ուզում է իր մոտ պահել պատմական նմուշը:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ոսկեջրած արծաթյա մատանին, որը ժամանակին Օռլեանի կույսից խլել էր անգլիացի արքեպիսկոպոսը, անցած ամիս Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել էր 300.000 ֆունտ ստերլինգով:
Հայտնի է, որ պատմական նմուշը ձեռք է բերել ֆրանսիական Le Puy du Fou կազմակերպությունը, որի տնօրինությունը մատանու պատմական վերադարձի կապակցությամբ ճոխ տոնակատարություն էր կազմակերպել:
Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը փաստաբանի միջոցով պահանջել է վերադարձնել մատանին: Բրիտանական կողմն իր պահանջը հիմնավորել է այն փաստով, որ Le Puy du Fou-ն առանց համապատասխան արտոնագրի է երկրից դուրս բերել այն:










