ՀՀ-ի անդամակցությունը «Եվրիմաժ»-ին հեռանկարային է կինոոլորտի զարգացման համար. մշակույթի փոխնախարար
2016 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և նշեց, որ Հայաստանի անդամակցությունը հեռանկարային է հատկապես կինոարտադրության, կինոոլորտի զարգացման համար:
Նա նշեց, որ տասը տարի բանակցել են և կինոարտադրության ոլորտում գրանցած հաջողությունները հնարավորություն ընձեռեցին դառնալ այդ հիմնադրամի լիիրավ անդամ: Նա նշեց, որ կինոարտադրողները, պրոդյուսերները պետք է իրենց ծրագրերը համապատասխանեցնեն հիմնադրամի չափանիշներին: Ինչ վերաբերում է անդամավճարին, փոխնախարարն ասաց, որ Հայաստանի համար այն կազմում է 63 միլիոն դրամ, ինչը մյուս երկրների հետ համեմատ, բավականին փոքր թիվ է։ «Իսկ համագործակցությունը հիմնադրամի հետ Հայաստանին կտա ավելին»,- ասաց նա:
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ ուրախ է Հայաստանի անդամակցության համար և նշեց, որ Եվրոպայի խորհուրդը խթանում է երեք հիմնական արժեքներ՝ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, իսկ մշակույթը նպաստում է այս երեք արժեքների ամրապնդմանը:
«Մշակույթը մարդկանց միացնելու մասին է և կյանքի գեղեցկության մասին է: Ամենակարևոր բանն է, որ եվրոպական տարբեր երկրների մասնագետներ աշխատում են միասին»,- ասաց նա և նշեց, որ «Եվրիմաժը» ստեղծվել է 1989 թվականին և ուն 37 անդամ:
«Եվրիմաժ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանն ասաց, որ «Եվրիմաժը» արդեն բաց դուռ է Հայաստանի կինեմատոգրաֆիստների համար: «Մենք շատ բան ունենք սովորելու և փոխանցելու մեր ռեժիսորներին, պրոդյուսերներին»,- ասաց նա և նշեց, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի լիարժեք անդամ դառնանք:
Մեկ այլ ներկայացուցիչ Վրեժ Քասունին հայտնեց, որ կազմակերպում են վարպետության դասընթացներ անիմացիայի ուղղությամբ: «Սա մեծ խթան է կինոպրոդյուսորների համար բարձրանալու միջազգային պրոդյուսորների հարթակին»,- ասաց նա և նշեց, որ դա նաև մեծ մարտահրավեր է, որ մեր պրոդյուսներն աշխատեն միջազգային չափանիշներով։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյան ևս գտնում է, որ դեռ շատ աշխատանք ունեն անելու և այնպես չէ հենց դիմեն միանգամից ֆինանսավորում են ստանալու: «Անդամակցությունը լրացուցիչ խթան է կինոարտադրությունն առաջ մղելու համար»,- ասաց նա և բարի երթ ցանկացավ կինոարտադրողներին:
Փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ ասաց. ««Եվրիմաժը» ֆիլմի բյուջեի 17 տոկոսն է ֆինանսավորում, բայց ոչ ավելի քան 500 հազար եվրոն»։
Ինչ վերաբերում է կինոյի մասին օրենքի բացակայությանը, նա ասաց, որ օրենքի բացակայությունը չի խոչընդոտում անդամակցությանը և առաջիկայում էլ այդ օրենքը կներկայացվի կառավարությանը:
Նշենք, որ «Եվրիմաժի» տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 միլիոն եվրո:










