Ժամանակակից թատրոն ունենալու համար ժամանակակից դրամատուրգիա է պետք. հայ թատրոնի խնդիրների ու ձեռքբերումների մասին
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Հայ թատրոնի խնդիրներից ու ձեռքբերումներից այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը և Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը:
Վահե Շահվերդյանը տեսակետ հայտնեց, թե այսօր թատրոնը դժվար է ապրում, ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց այդքանով հանդերձ՝ շատ կենսունակ է և շարունակում է արարել, ապրել:
«Իսկ դրա վառ ապացույցն է այս կամ այն ներկայացումներում ներգրավված մեծաթիվ երիտասարդական կազմը: Երիտասարդություն կա, որ իր կյանքի նպատակը տեսնում է թատրոնում, այլ բան է, որ այդ երիտասարդների մի զգալի մաս, ֆինանսական խնդիրներից ելնելով, խաղում են ոչ հաջողված սերիալում կամ ոչ ցանկալի գործում: Այդ խնդիրը երբեք էլ լիովին չի լուծվի, հասկանում եմ, որ դերասանը չի կարող այնքան գումար վաստակել, որ ասի՝ ես հիմա զբաղվեմ իմ սիրած գործով»,-ասաց նա և օրինակ բերեց, որ Վանաձորում թատրոնի դերասանի ամենացածր աշխատավարձը 50-60 հազար դրամ է, իսկ ժողովրդական արտիստը ստանում է 170 000 դրամ, որից պահումները հանած՝ ստացվում է 130 000 դրամ:
Շահվերդյանը խոսեց կոնկրետ իր թատրոնի խնդիրներից և նշեց, ինչպես մյուս թատրոններում, Վանաձորի թատրոնն էլ ունի շենքային խնդիրներ՝ դահլիճի աթոռները պետք է փոխվեն, տեխնիկական մասը՝ լուսային, ձայնային, վերազինվեն: Բայց նա հպարտությամբ հավելեց, որ այդ խնդիրներով հանդերձ աբելյանցիները մեծ ոգևորությամբ են աշխատում, քանի որ խաղում են առանձնահատուկ հանդիսատեսի համար. «Հանդիսատեսից բողոքելու բան չունեմ, շատ լավ հանդիսատես ունեմ, Երևանից էլ լավը»:
Մեկ այլ խնդիր հայ թատրոնի համար Վահե Շահվերդյանը համարեց այն, որ համաշխարհային տենդենցներից դուրս են մնում:
«Ճաշակի հարց կա, ինտելեկտի խնդիր կա»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ժամանակակից թատրոն ունենալու համար ժամանակից դրամատուրգիա է պետք:
«Այլ վայրերում թատրոնը ծնում է դրամատուրգիան, իսկ դրամատուրգիայով զբաղվում են շատ համարձակ մարդիկ: Մեզանում, ավաղ, դրամատուրգների թիվը շատ-շատ քիչ է, որը խանգարում է թատրոնը զարգանա»,-ասաց նա: Ըստ նրա, այսօրվա դերասանից այլևս չի պահանջվում միայն լավ ձայն ունենալ, լավ խաղալ մի տեղ նստած:
«Այսօրվա թատրոնը ուրիշ պետք է լինի, դերասանները հրաշալի պետք է պարեն, երգեն, այդպես իրագործող դերասաներ պետք է ունենաք: Թատրոնը սիմետրիկ արվեստ է»,-ասաց նա:
Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանը համակարծիք է՝ թատերական ռեֆորմ է պետք, որը պետք է սկսել թատերական ինստիտուտից: Նա էլ պնդեց, պիեսներ գրվում են, բայց դրանք մեծամասամբ սոսկալի վատն են:
«Ես կարծում եմ, որ դա մի փոքր գենետիկայի հարց է: Օրինակ` հայերը լավ նկարում են, վրացիները լավ պիեսեր են գրում: Այնտեղ ահռելի քանակի պիեսներ են գրում, բոլորն ուզում են բեմադրված լինել, որովհետև դա հանդիսատես է բերում: Երկու տարի առաջ «Լևոն Շանթ» դրամատուրգների մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ էի, այնտեղ 53 պիես մասնակցեց, որից 40-ը սոսկալի էին, քննարկման եզր չկա, բայց գրողները շատ են: Ցավոք, դա որակ չի տալիս»,-ասաց նա:
Խոսելով դրական միտումից՝ նշեց, որ ձևավորվում է նոր սերունդ թե՛ դերասանների, թե՛ ռեժիսորների, որոնք շատ հետաքրքիր են աշխատում, գիտեն համաշխարհային թատրոնի տրադիցիաները, ստեղծագործությունները համահունչ են միջազգային զարգացումներին:
Նա օրինակ բերեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, երբ ներկայացված 44 ներկայացումներից 7-ն են, որ ճանաչված վարպետներինն են, բայց մյուսը երիտասարդներ էին բեմադրել, որոնց հիմնական մասը նա որակեց փայլուն գործեր:
Ի դեպ, նա Սոնա Մելոյանը նաև հավելեց, թե աստիճանաբար տեխնիկապես վերազինվում են թատրոնները. առաջինը Օպերային թատրոնն էր, Սունդուկյանի թատրոնն է տեխնիկապես վերազինվում, հաջորդը կլինի նաև Պարոնյանը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը:










