«Կուկլոֆոդ» ֆիլմի հայաստանյան ցուցադրությունների ողջ հասույթը կուղղվի երեխաների բուժման
Ռեժիսոր Ալեքս Ամիրյանի «Կուկլովոդ» ֆիլմը, որը պատմում է 1990-ականների վերջին Ռուսաստանից ԱՄՆ ներգաղթած ռուսների, նրանց հիմնած մաֆիայի ու ամերիկյան գանգստերների բախման մասին, այսօրվանից կցուցադրվի Երևանի «Մոսկվա» և Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոններում, որից ստացված հասույթը կուղղվի բարեգործության:
Այն կազմված է երկու մասից՝ «Ռուսական դրվածք» և «Ստվերների ճակատամարտ» ֆիլմերից, որոնք ինքնուրույն երկու նախագիծ են, բայց նրանց միավորում է ընդհանուր պատմությունը: Ներկայումս ցուցադրվելու է «Ռուսական դրվածք» ֆիլմը, մյուսը կցուցադրվի տարեվերջին:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի ռեժիսոր Ալեքս Ամիրյանը, ով նաև ֆիլմի սցենարիստն ու պրոդյուսերն է, նաև դերակատարներից մեկը, իր նպատակն է ոչ թե ցույց տալ հրաձգություն, այլ ստիպել մարդկանց մտածել:
«Եթե ես նկարեի ֆիլմ, որը պարզապես պատմում է միգրանտների կյանքի դժվարությունների մասին, կլիներ անհետաքրքիր, քանի որ աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ միշտ էլ ունենում են խնդիրներ: Պետք է նշեմ, որ ֆիլմի շատ հերոսներ եղել են իրականում, բայց ես անունները չեմ ուզում բացահայտել: Ես մասնագիտությամբ փիլիսոփա եմ և ինչպես վերջերս ընկեր լրագրողներիցս մեկն ինձ հարցրեց, թե ինչպիսի ֆիլմ եմ ես սիրում, ես պատասխանեցի՝ մտածելու տեղիք տվող: Այսպիսով` ես փորձել եմ նկարել մտածել ստիպող ֆիլմ»,- ասաց Ալեքս Ամիրյանը:
Նա տեղեկացրեց, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է ԱՄՆ-ում և բավական մեծ արձագանք գտել, բայց իր համար կարևոր է, որ ներկայացվի նաև հայրենիքում և դուր գա մարդկանց: Թե որքան կտևի ֆիլմի ցուցադրությունը Երևանում և Գյումրիում, ռեժիսորը նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից՝ ինչպես ֆիլմը կընդունվի հասարակության կողմից:
Նա տեղեկացրեց, որ ֆիլմում նկարահանվել են ամերիկացի, իտալացի, ռուս, ինչպես նաև հայ դերասաններ՝ Պավել Նովիկովը, Վլադիմիր Եպիսկոպոսյանը, Իգոր Գուզունը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Մաքս Ռուչկինը (ԱՄՆ) և Կոնստանտին Բրոմբերգը:
Ալեքս Ամիրյանը նաև նշեց, որ ֆիլմից ստացված ողջ հասույթը կտրամադրվի բարեգործության, մասնավորապես կտրվի «Արմավենի» բարեգործական հիմնադրամին՝ ուղղելու հենաշարժական ապարատի հիվանդություններ ունեցող երեխաների բուժման համար:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում:










