Հրազդանում «Մշակութային Հրազդան.ավանդույթներ, ծրագրեր, հեռանկարներ» խորագրով միջոցառում է անցկացվել

17:53 • 25.03.16

 

Հրազդանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի պատկերասրահում կազմակերպվել է «Մշակութային Հրազդան. ավանդույթներ, ծրագրեր, հեռանկարներ» խորագրով միջոցառում, որը նպատակ է ունեցել համայնքի բնակչությանը և հյուրերին ներկայացնել Հրազդանի մշակութային առօրյան, ինչպես նաև քաղաքի մտավորականության հետ համատեղ քննարկել հրազդանյան մշակութային ավանդույթների ու հեռանկարների համադրման հնարավորությունները:

 

Այս մասին հայտնում են Հրազդանի քաղաքապետարանից։

 

Միջոցառումը մեկնարկել է Հրազդան քաղաքում գործող մշակութային հաստատությունների և քաղաքի մշակույթը բնորոշող հավաքածուների՝ «Մշակութային էքսպո» ցուցադրությամբ, որի ընթացքում Հրազդան համայնքի մշակույթի օջախները ներկայացրել են իրենց գործունեության առանձնահատկություններից բխող ինքնատիպ ցուցադրություններ, հանրությանը ծանոթացրել հաստատությունների գործունեության ուղղություններին:

 

Մշակութային միջոցառման մասնակիցներին ողջունել է Հրազդանի քաղաքապետ                               Ա. Դանիելյանը և կարևորել համանման միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով, որ նմանատիպ նախաձեռնություններն աշխուժացնում են քաղաքի մշակութային կյանքը և նպաստում նոր ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:

 

Այնուհետև, կազմակերպվել է Հրազդան քաղաքի տաղանդաշատ նկարիչների ցուցահանդես, որի ընթացքում հրազդանցի արվեստագետները ներկայացրել են իրենց նորագույն ստեղծագործություններն ու որպես այդ ցուցադրության բնաբան ընտրել «Սիրով՝ Հրազդանիս» կարգախոսը:

 

«Մշակութային Հրազդան» միջոցառումը եզրափակվել է քաղաքի մտավորականների ուժերով կազմակերպված «Ավանդույթներ, ծրագրեր, հեռանկարներ» խորհրդաժողովի շրջանակներում, որի ընթացքում քաղաքի անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները քննարկել են Հրազդան քաղաքի մշակութային ավանդույթների հենքի վրա համայնքի նոր մշակույթի ձեռագիրը կերտելուն և նոր նախաձեռնություններ իրականացնելուն միտված օրակարգային հարցեր:

 

Խորհդաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը փաստել է, որ քաղաքապետարանը պատրաստ է համայնքի մտավորականների կողմից առաջարկվող բոլոր նոր ծրագրերը կյանքի կոչել՝ ապագայում քաղաքում բոլորովին նոր ու արդիական մշակույթ կերտելու նպատակադրմամբ:


«Ավանդույթներ, ծրագրեր, հեռանկարներ» խորհրդաժողովի մասնակիցներն ընդունել են նաև խորհրդաժողովի բանաձևը, ձևավորել աշխատանքային խումբ՝ Հրազդանի քաղաքապետարանի հետ համատեղ համայնքի մշակույթի զարգացման նոր ծրագիր կազմելու նպատակով:


 

Հրազդանում «Մշակութային Հրազդան.ավանդույթներ, ծրագրեր, հեռանկարներ» խորագրով միջոցառում է անցկացվել