Թատրոնի ղեկը պետք է լինի գեղարվեստական ղեկավարի ձեռքին, ոչ թե տնօրենի. մասնագետներ
Թատրոնի ղեկը միանշանակ պետք է լինի գեղարվեստական ղեկավարի ձեռքին. Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ղեկը գեղարվեստական ղեկավարի՞, թե տնօրենի ձեռքում պետք է լինի:
«Պետք է լինի գեղարվեստական ղեկավարը, հետո տնօրենը և այլն: Այսօր ընդունված է այսպես, որ հիմնական ղեկը տնօրենի ձեռքում է: Բայց անձամբ մեր թատրոնի դեպքում աշխատում եմ թատրոնում տնօրեն Հովիկ Չախմախչյանի հետ, մենք երկուսով երբեք չենք մտածել, ղեկը նրա՞ ձեռքին է, թե իմ, նույնը Սունդուկյանի անվան թատրոնում: Բայց թատրոնի դեմքը, գործունեությունը պայմանավորվում է գեղարվեստական ղեկավարի գործունեությամբ, ճաշակով, տաղանդով և այլն: Բայց այդ երկուսի աշխատանքը պետք է լինի ներդաշնակ»,-ասաց նա և հավելեց, եթե նման հակասական խնդիր է լինում, դա թատրոնի համար կործանարար է:
«Տնօրենը նույնպես պետք է սիրահարված լինի թատրոնին, բայց եթե գա աշխատանքի ու գնա, բան դուրս չի գա»,-ասաց նա:
Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Սոնա Մելոյանի համոզմամբ՝ այսօրվա իրականությունից ելնելով առաջնայնությունը պետք է տրվի գեղարվեստական ղեկավարին:
«Թեև այսպիսի օրինակ կա, որ Ռուբեն Բաբյանը թատրոնի տնօրենն է, իսկ տիկնիկային թատրոնն այսօր Երևանի լավագույն թատրոններից է: Այստեղ խնդիրը դա չի՝ ով ոնց է դասավորել, խնդիրը նա է, որ թատրոնը պետք է ղեկավարի թատրոնի մարդը, ինչպես Վարդանը Գրիգորյանը (Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն): Իրավունք չունի մարդը, որ չի հասկանում թատրոնից, պրոֆեսիոնալ ռեժիսորին հրամանով ազատել: Դա ինձ համար անընդունելի է, և դա Վարդան Գրիգորյանի խնդիրը չի, այլ այն մարդկանց, ովքեր նրանց նշանակում են՝ իմանալով, որ բացարձակ կապ չունի: Ոնց որ ինձ տանեն քիմկոմբինատի գլխավոր ինժեներ նշանակեն, իսկ մեր համար դա նորմալ բան է»,-ասաց նա:










