«Բոհեմ»-ի համերգային կատարման պրեմիերան կնվիրվի Գեղամ Գրիգորյանի հիշատակին
Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարման պրեմիերան կնվիրվի տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին իրադարձության կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգային կատարումը տեղի կունենա մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Հովհաննես Այվազյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Գուրգեն Բավեյանը (բարիտոն) և այլք:
Երեկոյին ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական երգչախմբերը: Երեկոյի ընթացքում նվագախումբը և երգչախմբերը կղեկավարի ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մարտի 23-ին մահացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Նրա աճյունն ամփոփել են Կոմիտասի անվան այգու պանթեոնում:










