Հայկական ֆիլմերը միջազգային ստանդարտներով ներկայացնելու փորձեր կան. «Եվրիմաժ» հիմնադրամի ներկայացուցիչ
Ամեն մի երկրի կինոյի թեմաները, մոտեցման ձևը յուրահատուկ է. օրինակ՝ իտալական ֆիլմը ամբողջովին տարբերվում է եվրոպականից՝ իր ոճով և մատուցմամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Եվրիմաժ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Վրեժ Քասունին:
Հարցին, թե հայկական ֆիլմերն ունե՞ն ոճային առանձնահատկություն, որ բնորոշ է հենց միայն մեզ, Վրեժ Քասունին ասաց, որ կարծում է, թե ավելի շատ խորհրդային ժամանակաշրջանի ֆիլմերն էին ընդգծում հայկականությունը:
«Ներկայումս փորձեր կան ֆիլմերը միջազգային ստանդարտներով ներկայացնել»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս դարաշրջանում դժվար է ասել, թե որ մեկն է ավելի շատ հայկական կամ ազգային, քանզի այն ինչ ազգային է, համամարդկային է, և եթե ճիշտ է ներկայացված, բոլորի համար էլ ընդունելի է:
«Ընդհանուր առմամբ ինչ-որ տեղեր մենք կաղում ենք: Ես թեև կինոքննադատ չեմ, սակայն դիտողի հայացքով, կարծում եմ, կաղում ենք: Այսինքն՝ ունենալով շատ ուժեղ սյուժեներ՝ շատ հաճախ մենք չենք կարողանում ճիշտ պատկերներով ներկայացնել այն, թեև դա անհատական հարց է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ, ինչը, ըստ Վրեժ Քասունիի, մեծ խթան է կինոպրոդյուսերներին բարձրանալու միջազգային պրոդյուսերների հարթակին:










