Դովլաթովի մասին Գերման կրտսերի ֆիլմում գլխավոր դերը կկատարի արտասահմանցի դերասան
Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմում գլխավոր դերը կատարում է արտասահմանցի դերասան, հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Սավելևը, փոխանցում է РИА Новости-ն:
Ֆիլմի սյուժեն ներառում է հայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովի կյանքից 4 օր՝ 1971-ին: Հիմնական նկարահանումները դերասանների հետ սկսվել են Սանկտ Պետերբուրգում, փետրվարի 20-ին:
Դերասանի անունը, ով կատարում է Դովլաթովի դերը, հեղինակները շարունակում են գաղտնի պահել:
«Այո, նա արտասահմանցի դերասան է: Մենք, բնականաբար, կասենք, երբ ամեն ինչ ավարտվի, ես կարծում եմ՝ մինչև տարվա վերջ, ամենայն հավանականությամբ: Ինտրիգը ոչ թե դեմքն է և ոչ էլ դերասանը, այնտեղ ինտրիգը նրա ճակատագիրն է: Դա շատ հետաքրքիր ճակատագիր է, այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք արժանիորեն պատմել նրա մասին և ինչու է նա մեզ դուր եկել: Եվ որպես դերասան էլ նա շատ լավն է: Նա կարող է խաղալ Դովլաթովին, քանի որ հասկանում է` ինչ է խաղում: Չնայած իր տարիքին, իսկ նա բավականին երիտասարդ է, շատ բաների միջով է անցել և այդ պատճառով էլ շատ լավ զգում է»,- ասել է Սավելևը:
Նա հիշեցրել է, որ ֆիլմը ստեղծվում է մի քանի երկրների աջակցությամբ` Հայաստան, Լեհաստան, Սերբիա, Ֆինլանդիա և Ռուսաստան: Դերասանական կազմն այդ երկրներից է։










