Տոկիոյում հայկական մշակույթի շաբաթ է անցկացվել

10:54 • 29.03.16

 

Մարտի 22-27-ը Տոկիոյում անցկացվել է հայկական մշակույթի շաբաթ, որի ընթացքում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ` հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
 

Շաբաթը մեկնարկել է «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում, որտեղ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացրեց հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, ցուցադրվեցին հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի և ճապոնացի գեղանկարիչ Մակոտո Մաեդայի աշխատանքները։

 

Շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ, ինչպես նաև հայ և ճապոնացի երաժիշտների՝ դասական երաժշտության համատեղ համերգներ: Միջոցառումների շրջանակում կայացել են նաև հայկական և ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ։

 

Մշակույթի շաբաթը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, Կոմիտաս միության, «Գալերի Գինզա Իչոմե» և այլ ընկերությունների աջակցությամբ։
 

 

Տոկիոյում հայկական մշակույթի շաբաթ է անցկացվել