Թուրքիայի Սուրբ Կիրակոս եկեղեցին նորից նորոգման կարիք ունի.Սամվել Կարապետյան

17:20 • 29.03.16

Թուրք-քրդական ընդհարումների հետևանքով ամբողջ թաղամասն ավերվել է, Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել է և քանի որ այն քաղաքի կենտրոնական մասում է գտնվում, երևի թուրքերը մտածում են նորոգեն, վերականգնեն, ինչի համար էլ պետականացրել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում կառավարության որոշմանը, որի համաձայն պետականացված վայրերի թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը։


«Եկեղեցին թեև նորոգված էր, բայց այդ նորոգությունից բան չի մնացել, այս ընդհարումների հետևանքով ավերվել է  և  անհրաժեշտություն կա նորից նորոգել»,- ասաց նա:


Սամվել Կարապետյանը ենթադրում է, որ հնարավոր է նորից Թուրքիան վերանորոգի: «Եթե մեկ անգամ ծախս են արել նորոգել են, հիմա ինչո՞ւ պետք  է քանդեն, առավելևս այն հայտնի շենք է»,- ասաց նա:


Սամվել Կարապետյանը նկատեց, որ Թուրքիան բազմաթիվ հայկական հուշարձաններ պետականացրել է և ևս մեկ եկեղեցին պետականացնելը, չի խանգարի: «Աղթամարի եկեղեցին էլ է պետական, սակայն թույլ է տրվում պատարագ անել, երևի ինչ-որ մի արտոնություն կտրվի հայերին»,- ասաց նա և նշեց, որ Սուրբ Կիրակոսը նոր շրջանի եկեղեցի է և գիտական վերականգնման իմաստով բարդություն չի ներկայացնում:

Թուրքիայի Սուրբ Կիրակոս եկեղեցին նորից նորոգման կարիք ունի.Սամվել Կարապետյան