Ռամազոտիի համերգի տոմսերի վաճառքը դադարեցվում է ռուսաստանյան կազմակերպչի պատճառով. պարզաբանում

11:24 • 31.03.16

Երևանում Էրոս Ռամազոտտի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական կատարող FORPOSTART PRODUCTION ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված տոմսերի Երևանում Ռամազոտիի չեղարկված համերգի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Բոլոր տոմսարկղերին, միջոցառման տոմսերի վաճառքով զբաղվող գործակալներին և միջոցառման տոմսեր ձեռք բերած անձանց FORPOSTART PRODUCTION-ը տեղեկացնում է, որ Էրոս Ռամազոտտիի՝ սույն թվականի ապրիլի 26-ին Երևանում կայանալիք համերգային ծրագրի տոմսերի վաճառքը դադարացվում է, քանի որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:
 

FORPOSTART PRODUCTION և Global Communications ընկերությունների միջև կնքվել է գործակալական պայմանագիր, որի համաձայն FORPOSTART PRODUCTION-ը հանդիսանում է Երևանում Էրոս Ռամազոտտի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական Կատարողը, իսկ Global Communications-ը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Ագապովի, Պատվիրատուն:
 

Նախապատրաստական աշխատանքների 6 ամիսների ընթացքում Global Communications-ը բազմիցս խախտել է նաև FORPOSTART PRODUCTION-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ կապված Էրոս Ռամազոտտի շոուի անցկացման ծախսերի վճարումների հետ: Նշված պայմանագրում առանձին կետով սահմանվում է, որ Global Communications-ի կամ Արտիստի մեղքով Միջոցառման չեղարկման դեպքում Գործակալը որևէ պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում, բոլոր պահանջները ներկայացվում են Պատվիրատուին, այսինքն՝ Global Communications-ին:

 

«7.15. Պրինցիպալի կամ Արտիստի մեղքով Միջոցառման` չեղյալ հայտարարվելու դեպքում Գործակալը չի կրում Պրինցիպալի կրած վնասների փոխհատուցման որևէ պարտավորություն, իսկ հետագայում ազատվում է սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կապակցությամբ ցանկացած պատասխանատվությունից: Միջոցառման` ոչ Գործակալի մեղքով չեղյալ հայտարարվելու դեպքում իրացված տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման պարտավորությունը կրում է Պրինցիպալը` համաձայն կողմերի կողմից կնքված ծախսերի համաձայնեցման ակտի և սույն պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի պայմանների:»: Բացի այդ, տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է Global Communications ընկերության սեփականությունը: «4.9. Իրացված տոմսերը համարվում են Պրինցիպալի սեփականությունը: Հաճախորդի/հանդիսատեսի կողմից տոմսերի ձեռքբերման պահից բոլոր իրավունքները և պարտականությունները ծագում են հաճախորդի/հանդիսատեսի և Պրինցիպալի միջև»:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը և գործակալները, ինչպես նաև՝ FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը չեն կրում տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման կամ որևէ այլ վնասի հատուցման պատասխանատվություն:


Բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը (ոչ Գործակալի մեղքով չեղարկված Միջոցառման տոմսերի վերադարձը) իրականացվում է Պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ FORPOSTART PRODUCTION-ը, որ նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի:

 

Իրացված տոմսերի ետ վերադարձը և դրանց դիմաց դրամական փոխհատուցումը հնարավոր կլինի դատական գործընթացի ավարտից հետո: Միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերին և գործակալներին խնդրում ենք անհապաղ դադարեցնել միջոցառման տոմսերի վաճառքը: Իսկ միջոցառման տոմսեր արդեն ձեռք բերած անձանց խնդրում ենք պահպանել ձեռք բերված տոմսերը ամբողջական ու անվնաս և պարբերաբար հետևել մեր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում տեղադրվող հայտարարություններին, որոնց միջոցով կտեղեկացվեք դատական վարույթի ընթացքի, ինչպես նաև՝ տոմսերի ետ վերադարձի ժամկետների և պայմանների մասին: FORPOSTART PRODUCTION-ը հայցում է բոլորի ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհարմարությունների կապակցությամբ»:

 

Ռամազոտիի համերգի տոմսերի վաճառքը դադարեցվում է ռուսաստանյան կազմակերպչի պատճառով. պարզաբանում