Մոսկվայում մեկնարկել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը

11:59 • 30.05.16

 

Մայիսի 28-ին Մոսկվայում մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Համերգի բացման իր խոսքում  ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ այսօր անտարբեր չի թողել և ոչ մեկի: «Առնո Բաբաջանյանն այն մեծությունն է, որին գնահատում և սիրում են հավասարաչափ և իր հայրենիքում, և դրա սահմաններից դուրս,  որովհետև նրա արվեստն,արտացոլելով հայկական ոգին և շունչը, եղել և մնում է համամարդկային», - ընդգծեց Օ.Եսայանը` նկատելով, որ խորհրդանշական է, որ համերգաշարի մեկնարկը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա հետ, քանի որ պետությունը բացառիկ հնարավորություն է ազգի մշակութային ժառանգությունն ու ներուժը տնօրինելու և մյուս ժողովուրդներին այն մատուցելու համար: 

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի` որպես բացառիկ երաժիշտ և իր գործի մեծ նվիրյալ Առնո Բաբաջանյանին իր ստեղծագործություների շնորհիվ հաջողվել է միավորել տարբեր սերունդներ և ժողովուրդներ` համամարդկային արժեքների և, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջ, ինչը մեր օրերում ստեղծված իրավիճակում առավել քան արդիական է:

Նշենք, որ մոսկովյան համերգը կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և «Ռուսաստանում հայերի միության» կողմից`Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի Հայոց թեմի հովանու ներքո և «Համաձայնություն» ընկերության աջակցությամբ: Համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի և Ռուսաստանի էստրադայի մեներգիչների և երաժշտական խմբերի   կատարմամբ:


Հավելենք, որ մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչև տարեվերջ Ռուսաստանում և այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում և կեզրափակվի դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մեծ Կրեմլյովսկի դահլիճում կայանալիք գալա-համերգով: 

 

Մոսկվայում մեկնարկել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը