Իշխանափոխությունից հետո Նժդեհի արձանը չի՞ տեղափոխվի Նժդեհի հրապարակ. գլխավոր ճարտարապետի արձագանքը
Շաբաթ օրը «Վերնիսաժի» հարևանությամբ մեծ հանդիսավորությամբ բացվեց Գարեգին Նժդեհի արձանը: Մինչ ոմանք վիճարկելի են համարում արձանի տեսքն ու նմանությունը Գարեգին Նժդեհի իրական կերպարին, որոշ քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչու Նժդեհի արձանը չդրվեց Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, այլ «Վերնիսաժի» հարևանությամբ:
Խոսակցություններ կան, որ Նժդեհի արձանի տեղը պայմանավորված է ՀՀԿ գրասենյակին մոտ լինելու նպատակահարմարությամբ: Այս դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ կլինի արձանի հետ, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե ինչու արձանը Նժդեհի հրապարակում չտեղադրվեց, այլ ՀՀԿ-ի գրասենյակի մոտ:
«Գուցեև դա էլ նշանակություն ունի, որ չէր խանգարի, բայց էստեղից ՀՀԿ-ի գրասենյակը տեսողական առումով չի ընկալվում, բայց ընկալվում են կառավարության երկու շենքերը, պատկերասրահը: ՀՀԿ-ի գրասենյակը եթե մոտ հարևանությամբ է, դա վատ չէ, կարծում եմ, և այլ գրասենյակներ էլ կան, ինչու չէ»,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը՝ հավելելով. «Հաջողված արձան է, ես գոհ եմ, որ մեր քաղաք այսպիսի մի արձան է մուտք գործում, բայց ավելին չասեմ, քանի որ իսկապես պետք է ժամանակի քննությունը ստանա: Մայր Հայաստանի նման արձանն է քննադատվել ժամանակին, Սասունցի Դավթի արձանը»:
Tert.am-ի հարցին, թե քանի որ Նժդեհի արձանի ներկա տեղը Հանրապետական կուսակցության գրասենյակի հետ է առնչվում, հնարավոր է իշխանափոխությունից հետո արձանն էլ տեղափոխվի: «Արձաններն էդպես մոբիլ չեն, որ տեղափոխվեն: Բացարձակապես չեմ կապում ՀՀԿ գրասենյակի ու Նժդեհի հարևանությունը: Մեր քաղաքն է, մեր ազգային զորավարն է: Չեմ կարծում, որ կտեղափոխվի Նժդեհի հրապարակ: Կարծում եմ, արձանն իր տեղը գտել է և ճիշտ տեղն է գտել»:
Երևանի գլխավոր ճարտարապետն, ի դեպ, չբացառեց, որ հետագայում հնարավոր է Նժդեհի անվան հրապարակը վերանվանվի Սպանդարյանի անվան հրապարակ. «Եվ ամեն ինչ կընկնի իր տեղը»:










