«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի առաջին հրատարակության նմուշներից մեկը վաճառքի է հանվել (լուսանկարներ)
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի առաջին հրատարակությունը հայտնվել է Christie’s-ի աճուրդի լոտերի թվում։ Նրա համար պայքարել հնարավոր կլինի հունիսի 16-ից, գրում է buro247.ru-ն:
Հեքիաթի ամենաառաջին հրատարակությունն իրապես լեգենդար է համարվում: Քերոլի աշխատանքի գրեթե ամբողջ տպաքանակը տպագրության որակի հետ կապված խնդիրների պատճառով հետ է կանչվել, քանի որ դուր չի եկել հեղինակին:
Աճուրդում ներկայացված նմուշը 22 պահպանվածներից մեկն է: Դրանցից 16-ը գտնվում են գրադարաններում, 6-ը` մասնավոր հավաքածուներում:
Գիրքը, որը վաճառքի կդրվի հունիսի 16-ին, Քերոլը նվիրել է իր ընկերոջը` Ջորջ Ուիլյամ Քիթչինին: Վերջինս էլ այն նվիրել է դստերը` Ալեքսանդրային: Նմուշը հասցրել է լինել մի քանի հավաքածուներում՝ 1925-ին վաճառվելով աճուրդում: Գրքի հետ միասին ներկայացվել է նաև Ալեքսանդրայի լուսանկարը, ով եղել է գրող- լուսանկարչի ամենասիրելի մոդելներից մեկը:
Նմուշը գնահատվում է 2.000.000-3.000.000 դոլար:














