Ուկրաինացի բանաստեղծ, այլախոհ Վասիլ Ստուսի հայ բանտակից ընկերը ներկայացրեց գրողի հայերեն առաջին ժողովածուն (տեսանյութ)

19:27 • 03.06.16

Այսօր Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանում տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, խորհրդային տարիների այլախոհ, Ուկրաինայի ազգային հերոս, Վասիլ Ստուսի բանաստեղծությունների առաջին հայերեն ժողովածուն:


«Հանգիստ տուր ինձ, Տեր» անվամբ ժողովածուի հրատարակությունը նախաձեռնել է Վալիս Ստուսի գաղափարական, բանտային ընկեր Ռազմիկ Մարկոսյանը, ով անձամբ է վերնագրել բանաստեղծությունների ժողովածուն:

 

Ուկրաինական մտավորականության ձերբակալությունների դեմ հանրահավաքի ժամանակ Վասիլ Ստուսի ելույթի պատճառով, որը նվիրված էր այլախոհների դեմ կատարվող բռնություններին, գրողին հեռացնում են Կիևի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայից։ Պատմական ելույթը Ստուսն ունենում է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ:

 

«Վասիլ Ստուսը Փարաջանովի ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի անգամ ելույթ էր ունենում ու անսպասելիորեն անցում է կատարում դեպի այլախոհների նկատմամբ կիրառվող հալածանքներին: Նրան թույլ չեն տվել տալիս խոսել, հեռացնում են բեմից, կարդում է մտավորականների ցուցակը, ովքեր հեռացվել էին, բայց շչակներով հեռացնում են բեմից: Բայց Փարաջանովն ասում է, որ իր ֆիլմի պրեմիերայի համար սա անսպասելի էր»,- հիշեցրեց Ռազմիկ Մարկոսյանը:

 

Վերջինս պատմեց, որ Վասիլ Ստուսը սիրահարված էր հայերին, իսկ հայերն էլ պաշտպանում էին ամեն կերպ վերջինիս բանաստեղծությունները: «Ես շուրջ 50 բանաստեղծություն եմ փրկել: Ցավում եմ, որ այս գիրքն ավելի ուշ հրատարակվեց, քան ես կուզեի»,- նշեց Մարկոսյանը:

 

Հեղինակի գործերի թարգմանությամբ զբաղված Երազիկ Գրիգորյանն էլ անկեղծացավ, որ շուրջ 1 տարի գրքի թարգմանության վրա աշխատելու ժամանակ ամբողջապես հմայված է եղել Ստուսի մտքով:

 

«Ամբողջությամբ տարված էի Ստուսով: Ինձ համար նա պայքարի բանաստեղծ է: Լինել անազատության մեջ, պայքարել ազատության մեջ ապրող մարդու ազատության համար, ամեն մեկին տրված չէ: Պայքարել զուգահեռ ստեղծագործել... Նա ինձ համար ֆենոմեն է: Այս ընթացքում ինձ համար նա դարձավ հարազատ»,- նշեց Երազիկ Գրիգորյանը:

 

Թարգմանչուհու խոսքով՝ իր համար դժվարություն է եղել երևակայական, աբստրակտ մտածողության գաղտնագրերը գտնելն էր:

 

Մանրամասները Tert.am-ի տեսանյութում:

 


 

Ուկրաինացի բանաստեղծ, այլախոհ Վասիլ Ստուսի հայ բանտակից ընկերը ներկայացրեց գրողի հայերեն առաջին ժողովածուն (տեսանյութ)