Քանյե Ուեսթի անակնկալ համերգը չեղյալ է հայտարարվել՝ չնայած Մանհեթենի փողոցում հավաքված հազարավոր երկրպագուներին
Ռեփեր Քանյե Ուեսթի անակնկալ համերգը չեղյալ է հայտարարվել՝ հազարավոր երկրպագուների թողնելով Մանհեթենի փողոցներից մեկում, որտեղ պետք է տեղի ունենար համերգը, գրում է Reuters-ը:
Կիրակի օրն անսպասելիորեն հայտնվելով մեկ այլ համերգի՝ Ուեսթն ակնարկել էր, որ երկուշաբթի օրը համերգ է տալու։
Կարճ ժամանակում Ուեսթի նշած վայրում հազարավոր երկրպագուներ են հավաքվել: Սոցիալական ցանցերում հաղորդումների համաձայն՝ 15 րոպեի ընթացքում ավելի քան 2000 մարդ է հայտնվել «Վեբսթեր Հոլի» դիմաց:
Ուեսթը շոուից մոտ 1 ժամ առաջ սոցցանցում գրել է՝ «Շոուն ժամը 2-ին (գիշերվա-Խմբ.): Վաճառված», այնուամենայնիվ, «Վեբսթեր Հոլի» ներկայացուցիչներն ավելի ուշ գրել են. «Ոչ մի շոու տեղի չի ունենալու» և հավելել՝ «Խնդրում ենք ապահով գնացեք տուն»:
Համացանցում հրապարակված լուսանկարներում և տեսանյութերում երևում են հազարավոր երկրպագուներ՝ կանգնած փողոցում և մայթերին, ինչպես նաև՝ մեքենաների վրա նստած: Հեռանալուց առաջ Ուեսթը կարճ ժամանակով հայտնվել է դրսում, իսկ տասնյակ երկրպագուներ վազել են նրա մեքենայի հետևից:










