Լեոնարդո ԴիԿապրիոյին հրավիրել են Վլադիվոստոկում կայանալիք համաժողովի

17:29 • 14.06.16

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հրավիրվել է Արևելյան տնտեսական համաժողովին, որը կայանալու է սեպտեմբերի 2-3-ին՝ Վլադիվոստոկում։

 

ՌԴ բնական պաշարների նախարարությունից gazeta.ru-ին հայտնել են, որ դերասանին համապատասխան հրավեր է ուղարկվել։

 

Անցյալ տարվա համաժողովին մասնակցել էր դերասանուհի, մոդել Պամելա Անդերսոնը, ով հանդես է գալիս որպես բնության՝ առաջին հերթին կապույտ կետերի պաշտպան։

 

«Եկեք դադարեցնենք նրանց սպանելը։ Եթե Ռուսաստանը համապատասխան օրենք ընդունի, ձեզ կհետևեն շատ երկրներ։ Աշխարհին ուժեղ առաջնորդ է պետք»,-ասել էր նա՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

 

ԴիԿապրիոն հայտնի է իր բնապահպանական նախաձեռնություններով։ Օրինակ՝ 2010 թվականին նա 1 մլն դոլար է նվիրաբերել ամուրյան վագրի փրկության ծրագրի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այս տարի մասնակցելու է ֆորումին, այդ ժամանակ ԴիԿապրիոյին «իսկական տղամարդ» էր կոչել։

 

Սանկտ Պետերբուրգում Վագրերին նվիրված ֆորումին մասնակցելու համար դերասանը 3 ինքնաթիռ էր փոխել (մեկի մոտ շարժիչի խնդիր էր առաջացել, երկրորդի վառելիքն էր վերջացել)։

Լեոնարդո ԴիԿապրիոյին հրավիրել են Վլադիվոստոկում կայանալիք համաժողովի