Առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ին կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը

14:06 • 15.06.16

Հուլիսի 10-ից 17-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը, որին այս տարի առաջին անգամ ներկայացված կլինեն դանիական ու բասկական ֆիլմեր:

Բացի այդ, այս տարվա «Ոսկե ծիրան»-ը, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առանձնահատուկ է, որովհետև Հայաստանը նշում է անկախության 25 ամյակը:

««Ոսկե ծիրան» փառատոնն անկախության ծնունդն է, ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք ծնում է անկախությունը: Դա խաղաղությունն է, մարդասիրությունը, ժողովրդավարությունը … «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ մենք կարողացանք վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին մեզանում»,- նշեց Հասմիկ Պողոսյանը՝ ավելացնելով, որ «Ոսկե ծիրան»-ը հայ հասարակությանը բերեց ազատության գաղափարներ:

Այս տարի առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի նաև «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ կներկայացվեն ՀՀ անկախության տարիներին նկարված խաղարկային ու վավերագրական 17 ֆիլմեր:

Այս համատեքստում Մշակույթի նախարարը կարևորեց տվյալ ծրագրի անցկացումը՝ նշելով, որ «Ոսկե ծիրան»–ն ամփոփելու է ազատ, անկախ պետության կինոարվեստը, մերժել կամ արժևորել այն:

Վերջում Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց «Վիվա Սել ՄՏՍ» ընկերությանը, որը հովանավորում է կինոփառատոնը: «Վիվա Սել ՄՏՍ»-ի տնօրենն էլ հաջողություններ մաղթեց փառատոնին: Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ մարդիկ, ովքեր կգան Հայաստան «Ոսկե ծիրան»-ի համար կպատմեն այս փառատոնի մասին իրենց երկրներում: