ՌԴ-ն ստիպված է Ադրբեջանին պահել իր ազդեցության տակ, որպեսզի ՆԱՏՕ-ն չգա հասնի Հարավային Կովկաս. Արամ Սարգսյան

18:11 • 14.07.16

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՌԴ- Ադրբեջան զենքի պայմանագիր կնքելու հերթական պայմանավորվածությանը՝ ընդգծելով, թե հատկապես ապրիլյան պատերազմից հետո չի կարելի այն ապտակ համարել ռազմական դաշնակից ՀՀ-ին: Ըստ նրա` ՌԴ-ն նման քայլերի է գնում սեփական շահից դրդված, որպեսզի Ադրբեջանին չնետի ՆԱՏՕ-ի գիրկը: Սարգսյանի համոզմամբ՝ լավ կլինի Հայաստանն ինքն արժանապատիվ կեցվածք ընդունի, սակայն ոչ հակառուսական տրամադրություններ հրահրելով, որը կարող է նրանց համապատասխան արձագանքին արժանանալ:

-Պարոն Սարգսյան, ՌԴ-ն հերթական պայմանավորվածությունն է ձեռք բերել Ադրբեջանի հետ նոր ռազմական պայմանագիր կնքելու համար: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանին հասցված ապտակ չե՞ք համարում սա դաշնակից Ռուսաստանի կողմից:

-Ես նման կոպիտ կերպով չէի արտահայտվի՝ ապտակ կամ չգիտեմ ինչ, քաղաքականության մեջ նման արտահայտություններ չեն անում, բայց համարում եմ, որ դա իրենց հետևողական քաղաքականությունն է այս տարածաշրջանում՝ պայմանավորված սեփական շահերով և կարծում եմ, որ նաև մեր գործողությունների արդյունքն է: Ժամանակին էր պետք գնալ, երբ 6 տարի առաջ էին նրանք պայմանագիր կնքում նորագույն  զենք վաճառելու համար: Այդ ժամանակ պետք էր ընդդիմանալ, բայց հիմա ստացվում է, որ ՌԴ-ն ելնելով այն բանից, որ Ադրբեջանը կարող է Թուրքիայի հետ այնպես սերտաճել, որ ՆԱՏՕ-ն գա հասնի Հարավային Կովկաս, ինքը պետք է ամեն գնով Ադրբեջանին պահի իր ազդեցության ոլորտում: Պարզ պետք է խոսենք, որ սա իր գերխնդիրն է այս պահին, և դրանից ելնելով կարող է  գնալ այդ քայլին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը  պետք է նեղացած երեխայի կեցվածք  ընդունի և սկսի անընդհատ բողոքել, թե մյուսին լավ ես նայում, ինձ՝ վատ: Սա քաղաքականության  մեջ ընդունված բան չէ, պետք է արժանապատվությանը համապատասխան քայլեր կարողանալ անել:  

-Իսկ ըստ Ձեզ, արժանապատվությանը համապատասխան որևէ քայլ արվո՞ւմ է մեր կողմից:  

-Իհարկե ոչ,  ես գտնում եմ, որ մենք ենք մեղավոր:

-Լավ, իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է ցույց տանք, որ ներկա իրավիճակում արժանապատիվ երկիր ենք և ի՞նչ պետք է անենք հենց այս շրջանում, երբ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ն նախաձեռնող քայլեր է ցուցաբերում:    

-Հայաստանը նախ պետք է ունենա այնպիսի ռեսուրս, ինչպիսին Ադրբեջանը, նրա ներքին ռեսուրսների մասին է խոսքը՝ և՛ մարդկային, և՛ նյութական:

-Իսկ ի՞նչ է, կարծում եք հայկական կողմը ՌԴ-ին առաջարկելու որևէ  ռեսուսր չունի՞: Իսկ այդ դեպքում ի՞նչ գործ ունի Հայաստանի տարածքում ռուսական բազան, դա ռեսուրս չէ՞:

-Ոչ, ես խոսում եմ մեր սեփական ռեսուրսի մասին, ասենք թե չկա ռուսական  բազան, դա ձեր ռեսուրսը ո՞նց էր ավելացնելու:   

-Բայց կա չէ՞ և կարող ենք ասել, որ եթե իրեն Ադրբեջանն է պետք, ուրեմն թող վերցնի իր բազան տեղակայի հենց Ադրբեջանում:    

-Ոչ, դրանք տարբեր բաներ են, ես խոսում եմ մարդկային ռեսուրսների մասին, որը պետք է ավելանա, ոչ թե պակասի, մեր նյութական ռեսուրսները պետք է ավելանան, ոչ թե մսխվեն, մենք ֆինանսական այսպիսի տկար վիճակում չպետք է լինենք, որ կախյալ լինենք ուրիշ պետությունից: Իսկ եթե կախյալ եք, ձեզ հետ հաշվի չեն նստի: Ես ընդամենը դա եմ ասում:

-Պարոն Սարգսյան, ասում եք Ռուսաստանը չի ուզում Ադրբեջանին նետի  ՆԱՏՕ-ի գիրկը, այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանն իր գրպանում է և ինչպես կցանկանա այնպես նրա հետ կվարվի հա՞ և հետո գուցե՞ ատամներ ցույց տալու ժամանակն է:  

-Հայաստանը եթե ճիշտ օգտագործեր այս տարածքում իր ռազմավարական նշանակությունը, մենք անհամեմատ ավելի մեծ հաջողություններ կունենայինք, դա գալիս է արտաքին քաղաքականությունից, հիմա անընդհատ մեղադրել սրան- նրան,  սխալ մոտեցում է, պետք է  ճիշտ կողմնորոոշվել, ուժ հավաքել, որպեսզի քեզ հետ հաշվի նստեն:  

-Հիմա Դուք սպառնալիք չե՞ք համարում Ռուսաստանի  նախաձեռնողականությունը ԼՂՀ կարգավորման հարցում՝ հաշվի առնելով նման սիրաշահումները Ադրբեջանին:

-Սկսենք նրանից, որ թյուր տեսակետ է, իբր թե ՌԴ-ն նախաձեռնող է։ ԵԱՀԿ համանախագահող  կողմերը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, համամիտ են և իրենք եթե  սխալ համարեին ՌԴ-ի քայլերը, դրա մասին կխոսեին: Ուրեմն նրանք այնուամենայնիվ համաձայն են: Եվ հետո Սանկտ Պետերբուրգի հանդիպումն ընդամենը հաստատեց Վիեննայի պայմանավորվածությունները,  այլ բան չի եղել:  Բայց այլ հարց է, որ այստեղ մենք հիմա բավական լուրջ հակառուսական տրամադրություններ հրահրելով ՝ ստիպում ենք  նրանց համապատասխան արձագանք ունենալ: Շատ-շատ խնդիրներ կան…

-Պարոն Սարգսյան, փաստացի Դուք ինքներդ Ձեզ հակասում եք, երբ ասում եք  հրահրում եք հակառուսական տրամադրություններ,  և հետո  էլ ասում եք  արժանապատվ կեցվածք պետք է ունենալ:

-Արժանապատիվ կեցվածքը հակառուսական հրահրոցով չի լինում, արժանապատիվն այն է, որ ունենաք համապատասխան ուժ, ինքնուրույնություն, ինքնաբավ եք և դրա հետ մեկտեղ գործընկերոջ  հարաբերություններ եք ձևավորում, եթե այդպես չեք կարողանում անել, նրանք էլ վարվում են ձեզ հետ այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: