Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա-ն «Արևիկ» ազգային պարկի տարածքում
Հուլիսի 14-ին` ժամը 12.30-ի դրությամբ, հրդեհի՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
Այրվել է 150-200 հա տարածք, որից մոտ 50 հա մարվել է հրշեջ-փրկարարների կողմից, մոտ 100 հա ինքնամարվել:
Այս պահին այրվում է 50 հա բուսածածկ տարածք:
Ժամը 16.41-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հուլիսի 15-ին ժամը 03.00-ին:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










