Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր բրիտանացի նոր գործընկերոջը «սուտասան» է անվանել

16:47 • 14.07.16

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն մեղադրել է իր բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնին սուտասան լինելու համար, գրում է lenta.ru-ն:

 

«Ես չեմ մտահոգվում Ջոնսոնի պատճառով, բայց Brexit-ի (ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն- Խմբ.) արշավի ժամանակ նա մեծ թվով բրիտանացիների ստել է, և այժմ նրան պատին են դեմ տվել»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը Europe 1 ռադիոկայանի եթերում:

 

Էյրոն նաև նշել է, որ իրեն հարկավոր է գործընկեր, ում հետ կարելի է խոսել և ում կարելի է վստահել:

 

Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը Բորիս Ջոնսոնին արտգործնախարար է նշանակել չորեքշաբթի օրը: Ջոնսոնը նախկինում Լոնդոնի քաղաքապետն էր:

 

Նա հայտնի է օտարերկրյա քաղաքական գործիչների հասցեին իր կտրուկ հայտարարություններով: Նա մայիսի 19-ին մրցանակ էր ստացել բանաստեղծության համար այն մասին, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեքսով զբաղվում այծի հետ: