Բնապահպանության նախարարությունը արևի ճառագայթներից պաշտպանվելու իրազեկման ակցիա է իրականացրել

15:47 • 14.07.16

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու գրքույկ-ուղեցույցի և տեղեկատվական պաստառի շնորհանդեսը:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների կողմից իրականացվել է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու իրազեկման ակցիա երեխաների և նրանց ծնողների համար: Միջոցառումն ուղեկցվել է երեխաների համար նախատեսված ուրախ ժամանցային և ուսուցողական խաղերով:

ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ մշակած և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ միաիսն իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում տպագրված  «Արև, արև, եկ, եկ…» գունավորման գրքույկը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար: 

Գրքույկը պատմում է երեխաներին արևի օգտակար և վնասակար ազդեցության մասին և սովորեցնում արևի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու կանոնները:

Պաստառը հիշեցնում է ծնողներին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցության մասին: Գունավորման գրքույկները և տեղեկատվական պաստառները տեղադրվել են նաև Երևանի և մարզերի տեղամասային մանկական պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում`  այցելուներին պատշաճ կերպով իրազեկելու նպատակով: