Ֆրանսիայի հայկական եկեղեցիները հոգեհանգստյան կարգ կմատուցեն Նիսի ահաբեկչության զոհերի հիշատակին

21:16 • 15.07.16

Ֆրանսիայի բոլոր հայկական եկեղեցիներում կիրակի երեկոյան տեղի կունենա պատարագ և հոգեհանգստյան արարողություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավիթյանը: 

«Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հատուկ կերպով դիմել է Ֆրանսիայի Հայոց թեմի բոլոր ճյուղերին և հոգևոր հովիվներին, որպեսզի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագ մատուցվի: Առաջիկա կիրակի օրը բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվելիք պատարագի ընթացքում տեղի կունենա հոգեհանգստյան արարողակարգ` Նիսի ահաբեկչության զոհերի հիշատակի համար, նաև աղոթք կհնչեցվի վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասաց նա։

Գրիգոր Դավիթյանը հայտնեց, որ արարողակարգը տեղի կունենա Ֆրանսիայի բոլոր հայկական եկեղեցիներում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում հինգշաբթի երեկոյան ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների զոհվել է 84 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավոր է: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչության կապակցությամբ Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել: