Գերմանիան ուժեղացնում է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին
Գերմանիան ֆրանսիական հատուկ ծառայությունների հետ համաձայնությամբ ուժեղացրել է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին՝ Նիսում իրականացված ահաբեկչությունից հետ: Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Գերմանիայի դաշնային ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին:
«Ֆրանսիայի անվտանգության ծառայությունների հետ համաձայնությամբ Գերմանիայի ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանային անցակետերում»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նա հայտնել է, որ ուժեղացվել է հսկողությունն օդանավակայաններում, երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտում: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք դեռ չենք կարող հայտնել գործողության մանրամասները»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ։
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրել է բրիտանական The Daily Mail-ը:










