Մեդվեդևը կոչ է արել ուժ կիրառել ընդդեմ ահաբեկիչների

09:21 • 15.07.16

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և տուժածներին, փոխանցում է Интерфакс-ը:

 

«Ես ցանկանում եմ միանալ Ֆրանսիային, բոլոր տուժածներին, ինչպես նաև զոհերի հարազատներին ուղղված ցավակցական խոսքերին»,- ասել է ռուս վարչապետը:

 

Մեդվեդևը նշել է, որ ահաբեկչությունը չունի սահմաններ և ընդհանուր խնդիր է թե՛ Եվրոպայի, թե՛ Ասիայի համար:

 

«Այս պահին, ցավոք, 80 զոհ կա, նրանց թվում են երեխաներ, մեծ թվով արտասահմանցիներ: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` զոհերի թվում կան ԵՄ-ի և Ռուսաստանի քաղաքացիներ: Դա չափազանց ցավալի դեպք է»,- ասել է Մեդվեդևը:

 

Նա նշել է, որ իրենք պարտավոր են միասին ընդհանուր պատասխաններ գտնել նման խնդիրների համար, համերաշխություն ցուցաբերել, ձեռնարկել հնարավոր ամենը` ահաբեկչության դեմ պայքարելու համար: Առավել ևս, որ ահաբեկիչները հասկանում են միայն ուժը, և իրենք էլ պետք է այն օգտագործեն, ընդգծել է Մեդվեդևը:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` տոնակատարության հրավառությունը դիտելու: Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից: