Նիսի օդանավակայանի սեփականաշնորհումը հետաձգվել է ողբերգության պատճառով
Վերջին ահաբեկչական ակտի պատճառով Ֆրանսիայի կառավարության կողմից ութ օրով հետաձգվել է Նիս քաղաքի օդանավակայանի 60% բաժնետոմսերի վաճառքի փուլերից մեկը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի ներկայացուցչի տարածած հայտարարությանը։
«Հաշվի առնելով հանգամանքները՝ Նիսի օդանավակայանի վաճառքը ութ օրով հետաձգվել է»,- ասել է նախարարը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Նիսի օդանավակայանի բաժնետոմսեր գնելուն ուղղված հայտերի ընդունման երրորդ փուլում ավանդատուները պետք է մինչև երկուշաբթի օրն իրենց առաջարկությունները ներկայացնեին։
Նշվում է, որ օդանավակայանի վաճառքի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է օգոստոս ամսին հայտարարվի։
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 և վիրավորվել հարյուրավոր մարդիկ, իսկ 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։










