Նիսում ահաբեկչության զոհերի մեջ ՀՀ 2 քաղաքացի կա. ՀՀ ԱԳՆ
Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մեջ ՀՀ երկու քաղաքաքացի կա, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին» Twitter–ում գրել է Տիգրան Բալայանը:
Հուլիսի 15-ին, ժամը 12.45-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածներից մեկը 1982 թ. ծնված Մ. Գ.-ն է, որը ՀՀ քաղաքացի է:
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա ՀՀ մեկ քաղաքացի։
Ինչպես Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել ավելի քան 120–ը։










