Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ Նիսում ահաբեկչության զոհերի

13:51 • 15.07.16

Ֆրանսիայի իշխանությունները Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եռօրյա սուգ են հայտարարել երկրում։ Ինչպես հայտնում է vz.ru-ն, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Մանուել Վալսը՝ Ելիսեյան պալատում անվտանգության խորհրդի նիստից հետո։

 

Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 84 մարդ, առնվազն 54 երեխա է տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին հայտնում է Nice Matin թերթը Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Մեր տեղեկություններով՝ 54 երեխա է տեղափոխվել Lenval մանկական հիվանդանոց»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: 

 

Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրել է բրիտանական The Daily Mail-ը: