Կարծես պատերազմի դաշտ լիներ, շատ հայեր են եղել. հայ ականատեսը Նիսի ահաբեկչության մասին
Կարծես պատերազմի դաշտ լիներ. շատ հայեր են եղել, բայց մեծ մասի բախտը ոնց որ թե բերել է, փրկվել են. Tert.am-ի հետ զրույցում պատմեց Նիսի հայ համայնքի անդամ Արայիկ Ստեփանյանը, որն ականատեսն է եղել ահաբեկչական գործողություններին:
Մեր զանգելու պահին, նա ահաբեկչության ժամանակ զոհված հայ կնոջ՝ Նարինեի տանն էր: Պատմեց, որ մահացածն իր ընտանիքի անդամների՝ ամուսնու, երեխայի, բարեկամների հետ է եղել, բոլորը փրկվել են, բացի նրանից:
«20 հոգուց ավելի հայեր փրկվել են: Ամբողջ երկու կիլոմետր տարածքով մեքենան գնացել էր, երկու կիլոմետրի վրա ընկած էին մարդկանց մասեր »,- պատմեց Արայիկ Ստեփանյանը:
Նա իր ընտանիքի անդամների հետ էր գնացել Նիսի Անգլիական լողափ՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու: Պատմեց, որ ահաբեկչության պահին՝ տոնին նվիրված հրավառության ժամանակ, իր ընտանիքը եղել է լողափին, ինքը դեպքի վայր է հասել մոտ երեք րոպե անց:
«Ծովի ափի մոտ փողոց է. այդտեղ սովորաբար միշտ մարդաշատ է լինում, տոնական օր էր, հրավառություն, ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ էին հավաքված: Ընդհանրապես այդ փողոցում այդքան մեծ մեքենա չի էլ թույլատրվում ոչ մի անգամ, որ մտնի: Առիթից օգտվեցին, որ խառը պահ է, և հրավառության ժամանակ մտան»,- ասաց ականատեսը՝ եզրափակելով իր խոսքը։ Նա նաև նշեց, որ ահավոր մի բան էր:
Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Ինչպես Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել ավելի քան 120–ը։










