Նորզելանդացին թողել է աշխատանքը հանուն Pokémon Go խաղի

10:24 • 15.07.16

Վերջերս թողարկված Pokémon Go խաղն իսկական մոլուցք է դարձել հարյուրավոր խաղացողների համար, իսկ նորզելանդացի Թոմ Քարին նույնիսկ դուրս է եկել աշխատանքից խաղով լիարժեք զբաղվելու համար:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Քարին մտադիր է դառնալ անիմացիոն փոքրիկ արարածների` պոկեմոնների պրոֆեսիոնալ որսորդ: Ամեն առավոտ նա տնից դուրս է գալիս ու թափառում Օքլենդ քաղաքով մեկ` փնտրելով պոկեմոններին:

 

24-ամյա երիտասարդը, ով արդեն 1 շաբաթ է, ինչ դուրս է եկել աշխատանքից, Նոր Զելանդիայով շրջագայության է մեկնել` պոկեմոնների որսն առավել հետաքրքիր դարձնելու համար:

 

«Ես ուզում էի արկածների մեջ ընկնել: Անցած 6 տարին ես աշխատում էի ու արդեն հայտնվել էի հուսահատության մեջ, բայց այս խաղն ինձ հնարավորություն տվեց իրագործելու երազանքս»,-ասել է երիտասարդը:

 

Նշենք, որ  Pokémon Go խաղացողները հետազոտում են իրական աշխարհը` փորձելով գտնել վիրտուալ պոկեմոններին, որոնց կարելի է տեսնել ու որսալ Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների միջոցով: Խաղի ստեղծողների մտահղացմամբ՝ աշխարհով մեկ սփռված են Poke Stops  անցակետեր, որոնք խաղացողներին խաղը շարունակելու համար անհրաժեշտ միավորներ են տալիս:

Բացի այդ, այդ անցակետերի միջոցով կարելի է գրավել վայրի պոկեմոններին, որոնց խաղացողներն այնքան շատ են ուզում բռնել: